Սյունե Սևադա - Կախվածություն


  • Ուժեղ սերը ծնվում է այն մարդկանց նկատմամբ, որոնք կարողանում են մեզ ծիծաղեցնել:

  • Պատերազմը ստիպում է հաշվել այն, ինչ խաղաղության ժամանակ չես հաշվի: Խաղաղությանը մեկ է՝ քանի ոտք է քայլում փողոցում: Պատերազմը ստիպում է հաշվել, ու հաճախ զույգ թվի փոխարեն կենտ թիվ ես ստանում:

  • Գուցե հենց մանրիկ երջանկություններն են, որ օգնում են դիմանալ անդիմադրելիին:

  • Իրար նման հավատացող երկու մարդ չկա... Ամեն մարդ ունի իր սեփական Աստվածը:

  • Տեսնես՝ քո ի՞նչն ա ցավում, որ ասում ես «ես երջանիկ եմ»:

  • Առհասարակ, անհրաժեշտ ու պետք լինելու մեջ մեծ տարբերություն կա: Անհրաժեշտը բացվում է իբրև «առանց հրաժեշտի», իսկ «պետք»ի մեջ պիտանելիության ժամանակ կա, քանի պիտանի ու հարմար ես՝ կաս, երբ չհամապատասխանես՝ հրաժեշտ կտան:

  • Եվ ոչ մի մարդ բացառություն չէ, քանի դեռ բոլոր մարդիկ մեռնելու հատկություն ունեն:

  • Մեծերը ճիշտ երևալու զզվելի բնավորություն ունեն՝ հատկապես ծայրաստիճան սխալ լինելու ժամանակ:

  • Կան աղջիկներ, որոնց մոտենալուց առաջ պետք է թաքուն մի քանի գիրք վերաթերթել ու ֆիլմեր նայել, որովհետև իրենց մազերն ուղղելու ժեստով անգամ ստիպում են քեզ ավելի լավը դառնալ, իսկ դու քեզ թույլ չես տա իր կողքին որևէ հարցում թերանալ անգամ՝ ուրիշների պես: Կոկիկ մտքերով, հավաք ժպիտով աղջիկներ են՝ աշխույժ, բայց փակ: Ու քեզ մնում է միայն հիանալ այդ շատ տաք սառնության խառնուրդով և ուրախանալ, որ աշխարհում քանի դեռ նմանը կողքիդ է, ամեն ինչ գնահատելու ես, բայց միշտ ձգտելու ես ավելիին: Իսկ դա հրաշալի է... Ու կան տղաներ, որոնց կողքին կարդացածդ ու իմացածդ միշտ քիչ է: Ինչքան էլ ձգտես, մի քանի քայլ հետ ես: Մաքուր կոշիկներով, խաղաղ, բայց վստահ ձայնով խոսող տղաներ են՝ հավաք ժեստերով ու լսելու կարողությամբ օժտված, որոնց հետ միշտ կարելի է համեղ ընթրել: Ու քեզ մնում է միայն մեղավոր ժպտալ ու շատ թաքուն փայլփլուն աչքերով տղայի կողմը նայել, երբ գլուխը թեքում է, որովհետև քո՝ իր դեմ կրած ամեն պարտությունդ ցանկացած հաղթանակից ավել գին ունի ... Կան հաղթել ստիպող աղջիկներ ու գեղեցիկ պարտվել սովորեցնող տղաներ…