Շահեն Թաթիկյան - Նրա ճանապարհը


  • Դմբո՛, ինչի՞ս է պետք խելոք լինելդ: Դու խելացի եղիր: Մտածել իմացիր: Թե չէ ոչխարն էլ է խելոք...

  • Հետոն մխիթարանք է այն անձասպանների համար, որոնք մեռնում են ժամանակը սպանելով:

  • Պարզաապես անհասկանալի է, թե ինչո՞ւ կյանքում դժվար են արվում այն գործերը, որոնք անհրաժեշտ են:

  • Բնության անծայրածիր գրկում որքան մանրիկ է մարդը...

  • Գեղեցիկ կինը լավ է, բայց եթե գեղեցիկ է ու հոգի չունի, թեթև բոցի նման կայրի-կանցնի, մնացորդը մոխիր կլինի:

  • Մեռնելը շատ հեշտ է, կարգին, մարդավարի ապրելն է դժվար:

  • Նա, ով չգիտե ծիծաղել, չի կարող նաև արտասվել: Ծիծաղն ու լացը հարազատ քույրեր են:

  • Ուզո՞ւմ ես ինքդ քեզ համար արհեստականորեն որևէ տրամադրություն ստեղծել, օրինակ, տխուր տրամադրություն: Ժամերով նստիր, տխուր-տրտում դեմք շինած, մի ժպտա, նոթերդ կիտիր, հոգոցներ արձակիր: Եվ կամաց-կամաց կզգաս, թե ինչպես թախիծը կգրավի քո հոգին, կմտնի սիրտդ: Սիրտդ այնպես կնվվա, ինչպես հոդացավի ժամանակ և առանց որևէ պատճառի դու կտխրես ամենաիսկական, ամենախոր տխրությամբ:

  • Ընտանիքի քայքայման ամենամեծ պատճառը կնոջ մենակությունն է:

  • Մարդիկ այդպես են. ամեն բանի սկիզբն են սիրում միայն:

  • Կա մի բան, որը ուժեղ է ամեն ինչից, և սիրուց, և խղճահարությունից: Դա պատանեկության հետ միասին է բուն դնում մարդու հոգում, դա ինքնասիրություն է, հենց ինքը՝ պատանեկությունը:

  • Կյանքում լինում են պահեր, երբ ժամանակն անսպառ հնարավորություններ է ամփոփում իր մեջ:

  • Ոչ մի հաճույք ու երջանկություն չի կարող մնայուն լինել, չի կարող ամբողջական լինել, եթե կտրվում է միջավայրից, կյանքից... եթե չես հպարտանում նրանով և եթե թեկուզ երբեմն-երբեմնայն չես ցուցադրում մարդկանց:

  • Ի՞նչ է նշանակում կամքի ուժ: Անել ոչ միայն հաճելին, այլև տհաճը, անհետաքրքիրը, բայց անհրաժեշտը:

  • Եվ, ի վերջո, ի՞նչ է ներկայացնում կյանքն իր բոլոր ոլորաններով, զառիթափ ու դարիվեր ուղիներով, դժվարություններով, անակնկալ խոչընդոտներով: Ոչ այլ ինչ, եթե ոչ մի երկար մարաթոնյան վազք, որի ընթացքում պետք է մշտապես տոկալ, ջանալ, չվհատվել ու չընկրկել, այլ նայել միշտ առաջ ու առաջ...

  • Տարօրինակ բան է ձյունը, հատկապես առաջին ձյունը: Քնքշացնում է մարդուն, մեղմացնում նրա հոգին:

  • Երբեք մի՛ զղջա այն արարքներիդ համար, որոնք հոգուդ խորքում արդարացնում ես,համարում ես ազնիվ, ճշմարտացի, թեկուզ դրա համար կյանքում տուժես, թեկուզ երես դարձնեն...

  • Ծերությունը նույնպես հիվանդություն է, որը պետք է բուժվի...

  • Ինչի՞ց է, որ մարդը միայն օտարության մեջ է զգում, թե ինչքան է սիրում հայրենի քաղաքը:

  • Սկիզբ: Ի՞նչ է նշանակում կյանքում սկիզբ: Մարդը ծնվեց: Դա սկիզբ է: Բայց միայն դա չի սկիզբը: Նայում ես խորը և զարմանում, թե ինչքան սկիզբներ կան կյանքում: Պարզապես ամբողջ կյանքը անթիվ-անհամար սկիզբների մի երկար շարան է:Կյանքում քանի՞ անգամ է մարդ նորից սկսում կյանքը: Մարդու համար քանի՞ անգամ է սկսվում կյանքը:

  • Քեզ ոչ ոք ոչինչ չասաց, ու այդպես էլ չիմացար, որ քո ճամփան ամենազարմանալի հեքիաթն էր, քեզ ոչ ոք ոչինչ չասաց, որ դու այդպես էլ չիմացար, որ քո ճամփան զնգուն էր, ինչպես ոչ մի երգ չի եղել աշխարհում:

  • Դու պարզապես ժամանակի առանձնահատկություն ես և ոչ թե սովորական մարդ:

  • Լցվել էր աշխարհը: Լցվել էր այն ամենը, ինչից բաղկացած էր աշխարհը, առանձին իմաստներ էին ձեռք բերել բոլոր առարկաները, երևույթները, երևի այդպես է լինում, որ մարդ շատ սերտորեն է կապվում կյանքի հետ:

  • Ակնթարթի մեջ մարդու միտքը կարող է ավիրել այնքան, որքան որ չի կարող ավիրել ոչ մի ռումբ աշխարհում: Ակնթարթի մեջ միքտը կարող է լափել այնքան, որքան ոչ մի հրդեհ: Ակնթարթի մեջ միտքը կարող է վերականգնել ամբողջ մի կյանք, միտքը ճանապարհներ կարող է անցնել, որոնց վրա մարդը տասնյակ տարիներ կարող է մաշել...

  • Ուսանողների խմբում պարտադիր է քչախոս մեկը, որը ամենքի հետ բարեկամություն է անում, բայց ոչ ոքի հետ հատուկ մտերմություն չի հաստատում. երբեմն այդ տեսակ ընկերը շրջապատում հաճելի է լինում նրանով, որ համբերատարությամբ լսում է ամենքին, բոլորը սիրտը բաց են անում նրա առաջ,իսկ ինքը իր կողմից երբեք չի պահանջում, որ մեկն էլ իրեն լսի: Նմանները գերադասվում են ո՛չ միայն լսելու ընդունակությն համար, որը փոքր արժանիք չէ, այլև նրանով, որ մեծ մասամբ գաղտնապահ են լինում:

  • Բայց կա աշխարհում հպարտությունից ու սիրուց ուժեղ մի զգացում ՝ կարոտն է այդ:

  • Դժբախտության մեջ ընկած մարդիկ անսպասելիորեն ասես օժտված են դրական գծերով: Միշտ թվում է, թե այդպիսի մարդու հանդեպ թերացել ես քո պարտականությունների մեջ:

  • Կյանքում չեն լինում հարյուր տոկոսանոց , միայն դրական հատկություններով օժտված մարդիկ: Բայց պատահում են մարդիկ, որ միշտ ձգտում են ավելի լավ լինել: Արի մխիթարենք մեզ այն հույսով, թե ես ու դու այդպիսին ենք:

  • Հաշիվ չենք տալիս մեզ, որ մի տան մեջ ապրելով, կարոտում ենք իրար:

  • Երբեմն ծիծաղը ամենալավ հանգիստն է լինում:

  • Ձեռքը, որ քեզ խփում է (ձեռքը, որը քեզ շարունակ հալածում է), եթե չես կարող կտրել-գցել մի կողմ, պետք է համբուրես, դնես ճակատիդ...Ասել է ժողովրդական առածը: Այդպես է ասել: Բայց ասել է փոքրոգիների համար:

  • Երբ մարդու ուժերը կարծես լրիվ դավաճանում են ու սպառվում, միտշտ մարդու մեջ գլուխ է բարձրացնում կամքը, որը անում է անկարելին, որը առաջ է մղում մարդուն, որը առաջ է մղում մարդուն՝ նրա ֆիզիկական հնարավորութուններից:

  • Երբ շատ մարդիկ լցաված են լինում միևնույն նպատակներով, ապա ոչ մի բան անկարելի չի թվում:

  • Մարդը կենդանուց տարբերվում է նրանով , որ բոլոր զգացմուքների մեջ էլ նրա գիտակցությունը մի կողմ քաշված չի լինում:

  • Մարդիկ ակամայից երբեմն կարող են ամենաթանկ բանն էլ զոհել մի դատարկ թյուրիմացության...

  • Կյանքում կան երևույթներ, որ կարծես շարունակ կրկնվում են, ինչքան էլ կյանքը փոխի իր դեմքը, որքան էլ մարդիկ զարգանան, լուաավորվեն, որքան էլ գիտությունն ու տեխնիկան առաջադիմեն, հասարակական կառուցվածքը փոխվի... Փոքրիկ փաստը մեծ ընդհանրացումների է դրդում... Դարերով մադրիկ հանցանքներ են գործել, խանդել, սիրել, ատել, սխալվել, դժբախտացել... Զարմանալի հետևողականությամբ կյանքում ասես կրկնվում են մարդկային ճակատագրերը: Կրկնվում են մարդկանց բնավորութունները...

  • Տասնյակ ու հարյուրավոր տարիների ընթացքում որքա՞ն բան է փոխվել բժշկության մեջ: Տեխնիկայի մյուս ճյուղերի համեմատությամբ, իհարկե, քիչ: Հատկապես եթե նկատի ուենանք ռազմական տեխնիկան... Նշանակում է մարդիկ ավելի հակված են սպանելու, քան թե բուժելու մասին:

  • Կյանքում ոչ մի բան այնքան չի ուշանում, ոչ մի բան այնքան անարդարացի կերպով չի ուշանում, որքան արդար, արժանի պատիժը:

  • Ի՞նչ բան է հոգնությունը: Հոգնությունը նույնպես հիվանդություն է: Դեռ երեկ նա այնքան ուժեղ էր զգում: Հոգնությունը նաև բարոյական անկում է, կամքի թուլացում: Հոգնությունը ցավ է...

  • Ինչ լավ է, որ աշխարհում շատ-շատ մարդիկ կան: Ինչ լավ է,որ մենակ չես քայլում, որ քեզ բռնում են, պահում են, տաքացնում, որ լույս են տալիս քո ճամփին: