Շահեն Թաթիկյան - Երիցս խաչվածը


  • Գեղեցիկ, վայելուչ արտաքինը հաճելի բան է, բայց քեզ որպես տղամարդու զարդարում է այն ամենը, ինչ դու արել ես կյանքում և  կզարդարի այն ամենը, ինչը դեռ կանես:

  • Ասացեք, խնդրեմ, ի՞նչ կապ ունի կարեկցանքը, խղճահարությունը սիրո հետ:

  • Մարդը դժվար դժվարություններից, անհուսալի վիճակներից կարող է դուրս գալ, եթե ինքն իր մեջ չփակվի, ինչպես ասենք կրիան պատյանի մեջ, այլ սիրտը բանա մերձավորի, ընկերների առաջ:

  • Մարդկանցից չպետք է խուսափել: Դժբախտության մեջ պետք է դիմել: Իհարկե, եթե դիմես՝ կօգնեն: Բայց պետք է ինքդ էլ ունենաս անհրաժեշտ պահի ուրիշներին օգնելու ուժ, կաորղություն: Մարդկանց կարելի է դիմել, եթե նրանց հավասար ես...

  • Նախանձը չար զգացում է: Ես զարմանում եմ, երբ ասում են՝ բարի նախանձ: Նախանձը երբեք չի կարող բարի լինել...

  • Շատ էր փոխված նա: Մարդիկ ծերությունից  այդպես չեն փոխվում: Շատ էր կռացած: Բայց ծերությունից այդպես չեն կռանում:  Մարդը այդպես կռանում է, երբ շալակին շատ ծանր բեռ է լինում: Եվ այդ բեռը չես տեսնում, ու միայն բեռան տակ չարչարվածի ու չարչարվողի կերպարանքն ես տեսնում:

  • Մարդիկ հաճախ են հասկանում, թե երբ են հարկավոր դիմացինին և երբ են կամա-ակամա ավելորդ դառնում:

  • Մարդ կարող է մոռանալ դեպքը, կարող է մոռանալ ինչ-որ  փաստ, բայց մարդու հոգում երբեմն անջնջելի է մնում այն հետքը, որն առաջացնում է անգամ մի հայացքը, մի բառը:

  • Ինչպես մեծ տխրությունները, այնպես էլ մեծ ուրախությունները, միշտ էլ անսպասելի են գալիս: Որովհետև, որքան էլ մարդ գիտե, որ դրանք պետք է անխուսափելիորեն լինեն, դարձյալ պատրաստ չի լինում դրանց:

  • Պատանեկությունից երիտասարդություն անցման հատվածում մի շրջան կա մարդու համար, որը անուն չունի, բայց որը թերևս մարդու կյանքի ամենահրաշալի շրջանն է, ամենաթանկ երազանքների, ամենաբուռն հույզերի շրջանը, երբ ամենապաղ խառնվածքներն էլ կարող են այրել, այրվել, անսպասելիորեն թռիչքներ կատարել, անկումներ ապրել, սխալներ թույլ տալ, որոնք կամ չեն նկատվում ուրիշի կողմից, կամ, եթե նկատվում էլ են, ապա ներվում են: Մարդի ամենից շատ ներողամիտ են լինում այդ հասակի նկատմամբ:

  • Մարդն այսպես է, միշտ մտածում է բաներ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն:

  • Զարհուրելի բան է, երբ մարդը սովորում է ցավերի: Որովհետև այդ ո՛չ ֆիզիկական տանջանք է, այլև հոգեկան-գիտակցական, քանի որ միշտ նրա հետ, նրա մեջ ապրում է այն միտքը, որ իր վիճակը երբեք չի լավանա:

  • Վատ է այն ընտանիքի, այն ցեղի, այն ազգի վիճակը, ուր խզում է լինում սերունդների միջև: