Տիգրան Հայրապետյան - Պատերազմ և քաղաքականություն




  • Չփորձե՛նք փրկվել առանձին-առանձին, սա այն ժամանակը չէ, երբ դա հնարավոր է, բայց և չփորձենք պատասխանատվությունը բարդել մեկմեկու վրա։ Պատասխանատվությունն ընդհանուր է, բոլորինս՝ ընդհանրական պատասխանատվություն անցյալի, այսօրվա և ապագայի հանդեպ։ Ապարդյուն է արդարացում գտնել պայմանների անբարենպաստության, միջոցների բացակայության, հնարավորությունների սահմանափակության, մթնոլորտի, իրավիճակի և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մեջ։

  • Յուրաքանչյուր ժողովուրդ ընտրության իրավունք ունի։ Եթե նույնիսկ այդ ընտրությունը կործանարար է, դա նրա՛ ընտրությունն է։

  • Եթե հասարակության գոյությունը չի ուղեկցվում անհատների լիարժեք զարգացմամբ ու դրսևորմամբ, ինչն ի վերջո պետք է հանգեցնի անհատականությունների ի հայտ գալուն, եթե հասարակության հոգևոր պահանջներն ու գաղափարական իդեալները չեն գերազանցում նրա ֆիզիկական գոյությանը, ինչն ի վերջո պետք է դասի նրան ինտելեկտի հիմքի վրա զարգացող ընտրյալ ժողովուրդների կարգը, և եթե ժողովուրդը չի ըմբռնել այն, գուցեև համեստ, բայց միայն իրեն ընձեռնված առաքելությունը, որ նա կոչված է իրականացնելու համաշխարհային պատմության մեջ, ապա նա մշտական հետապնդման դատապարտված տեսիլք է, որին ոչ ոք և ոչինչ չի օգնի։

  • Որքան ավելի շատ է գաղտնիության քողը, այնքան ավելի քիչ են հարցերը քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներում հաջորդական անհաջողությունների կամ պարզապես առաջընթացի բացակայության վերաբերյալ։ Հասարակությունը կամաց-կամաց համակերպվում է այն գաղափարի հետ, որ իշխանություններն ինչ-ինչ պատճառներով չեն կարող լիարժեք բացատրոււթյուններ տալ իրենց ձեռնարկած քայլերի արդյունքների, առավել ևս՝ հետևանքների վերաբերյալ։ Իսկ քանի որ հասարակությունը հակում ունի սեփական գիտակցությամբ «բացահայտելու» ընդհանուր անհաջողությունների պատճառները, նրան առաջադրվում են բազմաթիվ տարբերակներ, որոնցից ամենաընդունելին արտաքին կամ ներքին թշնամու առկայությունն է։ Նույնիսկ այն երկրները, որոնք ճակատագրի բերումով զուրկ էին թշնամի ունենալու հնարավորությունից, կարողացան գտնել նրան ի դեմս միջազգային իմպերիալիզմի կամ կոմունիստական վտանգի։

  • Պատմության տրամաբանության համար ոչ մի տարբերություն չկա, թե ինչպես է կոչվում այդ գաղափարը՝ ազգային, դասակարգային թե կրոնական։ Նա կայացրել է իր դատավճիռը, համաձայն որի բոլոր գաղափարական պայքարները, որոնց զոհասեղանին վրա զոհվում է անհատը կամ, մանավանդ, հասարակությունը՝ պարտության են դատապարտված։ Աշխարհի ժողովուրդների մեծամասնությունը գնում է հենց այդ ճանապարհով՝ անխնա զոհաբերելով մարդուն հանուն գաղափարի, ոտնահարելով բնության էությունն իսկ, ուր ամեն ինչ ծառայել ու ծառայում է մարդուն, քանզի նա է այն բարձրագույն իդեալը, ի շահ որի կարելի է և պայքարել։ Այդ ընտրությունն ամենևին էլ պատահական չէ։ Դա խնդիրները լուծելու ամենադյուրին եղանական է, քանզի պետք չունի մտավոր մեծ կարողություններ՝ զանգվածների կյանքի կամ սոցիալական զոհաբերության գնով ծառացած խնդիրներին որևէ, թեկուզև ժամանակավոր, լուծում գտնելու համար։

  • Չկա մի ավտորիտար վարչակարգ, որ ծայրահեղ թշվառության հասցնելով երկիրը, ուրանալով իր ժողովրդի ազգային շահերը՝ ճանաչի իր սխալները և կամավոր զիջումների գնա։

  • Անկախ նրանից, թե ինչ խնդիր է լուժում ժողովուրդը՝ մեծ թե փոքր, այդ խնդրի զարգացման ու լուծման վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի գնահատականները նախ պայմանավորվում են նրանց շահերի ու կենսական պահանջների բավարարաման մակարդակով։

  • Ժողովուրդը տեսություններին չի հավատում, հատկապես այնպիսիսններին, որոնք կանխատեսող բնույթ ունեն։

  • Զարգացած հասարակությունները «ոչ լիարժեք» ժողովուրդներից անշուշտ տարբերվում են հենց նրանով, որ ունեն խորամուխ լինելու, ընկալելու և համապատասխան եզարակացություններ անելու կարողություն։ Քաղաքական ու ինտելեկտուալ շերտի բարձրագույն ծառայությունը սեփական ժողովրդին ժամանակին զգուշացնելն է, աղետը հեռացնելն ու թույլ չտալ, որ «դանակը հասնի ոսկորին», ոչ թե երկարատև ինքնախաբեությունից հետո գիտակցելն ու հայտարարելը, թե իրենց խաբել են արկածախնդիրները։

  • Տիտղոսային տգիտության սպառնալիքը հասարակության համար դժվար է թերագնահատել, մանավանդ որ նա ի վիճակի է վարակել հասարակությանն անհոգության ու ինքնագոհության դժվար հաղթահարելի արատներով և, որ առավել կարևոր է, կարող է արմատավորել ոչնչով չհիմնավորված անկոտրում լավատեսությունը, որն ինքնաոչնչանում է միայն բոլորի համար շոշափելի դարձած ողբերգության ծանրության տակ։

  • Հարատև կամ պարբերաբար խաբեությունն ի վերջո անխուսափելիորեն այլասերում է էթնիկական համակարգը, զրկում նրան կենսունակության որևէ հնարավորությունից, որի հետևանքով նա կա՛մ ներքին փլուզում է ապրում, կա՛մ մատչելի թիրախ դառնում օտարների համար։

  • Չունենալ սեփական միտք նշանակում է առաջնորդվել օտարի կողմից մշակված, ձևակերպված ու առաջադրված մտքով, որը, բնականաբար, երբեք չի ծառայում տվյալ ժողովրդի շահին։

  • Հաղթանակած ազգային-ազատագրական պայքարի հեղափոխական ընտրախավն իշխանության է գալիս համպատրաստից, զուրկ ինքնուրույն մտքից, արդյունավետորեն կառավարելու ընդունակություններից․ նա շատ արագ վարկաբեկվում է և զրկվում զանգվածների համակրանքից։ Հաղթանակից հետո այս ընտրախավի առաջին բնական մղումն է վերջ տալ հեղափոխականությանը և անցնել բնականոն զարգացման ճանապարհի։ Սակայն, ընդունակ չլինելով բավարարել ժողովրդի անգամ նվազագույն պահանջմունքները, նա իրեն դատապարտում է կործանման։

  • Մարդը թեև կենդանական աշխարհի բարձրագույն միավորն է, այնումենայնիվ, ծայրահեղ իրավիճակներում ընդունակ է դրսևորելու բոլոր այն հատկանիշները, որոնք բնական պայմաններում վերագրվում է միայն ցածրագույն կենդանական օրգանիզմներին։

  • Անիմաստ է հարգանք, առավել ևս կարեկցանք փնտրել օտարների մոտ, եթե սեփական համակարգում հասարակական հարաբերությունները կարգավորող արժեքների համակարգի առանցքի ուժի և իշխանության դիրքերից շրջապատի նկատմամաբ չսահմանափակված արհամարհանքի իրավունքն է։ Եթե իշխանությունը պարտադրում է ժողովրդի հավերժական զոհի կարգավիճակը, իսկ ժողովուրդը համակերպվում է դրա հետ, ապա օտարի համար անմարդավայել ինքնությամբ տոգորված նման ժողովուրդը քաղաքական արյունալի խաղերի առավելապես պիտանի նյութ է, որին կարելի է խաղարկել առանց բարոյական կամ այլ բնույթի սահամափակումների։

  • Հայրենիքի հետ իր ապագան չկապող ժողովուրդը պարզապես լքում է այն, ինչպես կլքեր ցանկացած տարածք, ուր հեռանկարի հույսեր չի տեսնում։

  • Քանի դեռ հայ հասարակությունը ոգեզուրկ ու գաղափարազուրկ կմնա, հայոց զենքն այլևս չի փայլատակելու։ Օտարների կողմից կազմակերպված մսաղացներ, տարածքների հանձնում՝ որքան կուզեք, բայց երբեք՝ փայլատակում։ Իշխանական համակարգը շարունակելու է խոչընդոտել ուժային կառույցների բնականոն ձևավորմանը, ուժայինները մնալու են անօգնական՝ ինքնուրույնության բացակայության պատճառով, հայկական զենքը շարունակելու է ծառայել օտար տերություններին, ուր ծառայությունն ու պրոֆեսինալիզմը, ի տրաբերություն հայրենիքի, գնահատվում են, այլ ոչ թե պատժվում, իսկ հասարակությունը դատապարտված է լռելյայն հետևել ինքնակործանման գործընթացին։

  • Տասնամյակների կարոտախտը՝ արգելված պտուղը համտեսելու իրավունքի նկատմամբ, քաղաքականության հորձանուտ քաշեց բոլոր նրանց, ովքեր բնավորության խառնվածքի պատճառով կամ պարզապես անտերության մատնվող նյութական և իշխանական լծակներին տիրանալու սառը հաշվարկով այրեցին անցյալի հետ կապող կամուրջները՝ փորձելով ձուկ որսալ քանդվող համակարգի բեկորներից պտտվող ջրում՝ անկախ նրանից, թե ինչ զբաղմունքի տեր էին կամ ինչ մասնագիտությամբ էին ինքնադրսևորվում նախկին համակարգի պայմաններում, անկախ անգամ կրթական մակարդակից ու քրեական օրենսգրքի հետ ունեցած փոխհարաբերություններից։ Նախկին այլախոհերն ու կուսակցական գործիչները, ամենատարբեր ոլորտներում չկայացած մարդիկ ու իրենց բնագավառում բարձրորակ մասնագետները, քրեածին էլեմենտներն ու եկեղեցու ծառաները՝ բոլորը, առավել կամ պակաս չափով հնարավորություն ստացան տնօրինելու իրենց երկրների ու ժողովուրների ճակատագրերը՝ ղեկավարելով կուսակցություններն ու շարժումները կամ պատասխանատու դիրք գրավելով իրենց երկրների քաղաքական համակարգերում։

  • «Մենք համալսարան չենք ավարտել»՝ հպարտանում էին դասակարգային անսահման ազատության, անծայրածիր հավասարության ու չափազանց համընդհանուր եղբայրության Եդեմ կերտող բոլշևիկյան ակտիվիստները՝ առանց որևէ բարդությունների ստանձնելով երկրի ու ժողովրդի կառավարման ամենապատասխանատու պաշտոնները։ «Մենք պետության կառավարման փորձ չունենք»՝ հպարտանում են նրանց այսօրվա ժառանգները և իրենց նախկինների արժանի հաստատակամությամբ ձեռնամուխ են լինում նորանկախ պետությունների կերտմանը։ Բայց ինչպես որ համալսարաններ չավարտած պրոլետարական հեղափոխության պիոներները, ըստ իրենց մտավոր և հոգևոր կարողությունների աստիճանի, ստեղծած երկիրը վերածեցին երկրային դժոխքի՝ միլիոնավոր մարդկային կյանքերով փակելով սեփական կրթության բացերը, այնպես էլ այսօրվա նորաթուխ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները նույն ճանապարհով փորձում են հաղթահարել կառավարման փորձի բացակայության արգելքները։

  • «Երբ ազգը կորցնում է կենսունակությունը, սկսում է սպանել ինքն իրեն»․ պետք չէ միանգամից կառափնարաններ փնտրել շուրջբոլորը և անձնավորված կամ երևակայական մեղավորների վրա բարդել պատասխանատվությունը ներկայի և ճակատագրապաշտական ապագայի համար՝ վերադառնալ ինքնարդարացմամբ հաշիշված առօրյային։ Կառափնարաներն ընդամենը վճարն են սպառողական եսակենտրոնության և չվաստակած գագաթներին տիրելու կրքի։ Պետք է սեփական արատներից ձերբազատվել և աշխարհակուլ երազների փոխարեն թևքերը ծալած՝ մաքրություն անել՝ ամենակերտ «ինչ-որ բանի» ճանապարհը հարթել, քանի դեռ վրջնականապես մանուշակը ճոճք չի դարձել, իսկ աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ Մենք դա մեկ անգամ արդեն տեսել ենք։

  • Դատարանից մինչև Բարձրյալը մարդու դիմումները միշտ պարունակում են մեկ ուրիշի՝ ըստ նրա գործերի դատելու, պատժելու, հաճախ նաև հաշվեհարդար տեսնելու ցանկությանը։ Մեծ, թե անհայտ անհատների բազմամիլիոն շղթայում պատմությունը չի արձագանքել մեզ հայտնի որևէ փաստ, երբ կոչն ուղղված կլինի Օրենքին՝ դատելու սեփական անձն ու կյանքի պտուղները։

  • Գիրքը խորովածի ածուխների կամ մանկիկի ջերմությունն ապահովող միակ վառարանի մեջ գցող հայն անկասկած հպարտանում է, որ իր պապերն ու տատերը ոչ միայն ինչքի, այլև հաճախ մարմնի փրկության փոխարեն ձեռագրեր էին փրկում։

  • Տարօրինակ ոչինչ չկա, որ փրկության առաքելությունը ստանձնած մարդու վերջնական եզրահանգումը Փրկության և Փրկչի ժխտումն է։ Ի՞նչ մեծ ողբերգություն է մի մոխրացած Գիրքն այսքան մոխրացած հոգիների համեմատությամբ։

  • Հավատի պակասը, առավել ևս դրա բացակայությունը, ծնում է պատճառավորված, իսկ առավել հաճախ չպատճառավորված վախ, որն իր հերթին ձևավորում է հոգեկան ու ֆիզիկական առանձնահատուկ վիճակ՝ սարսափը, որի առաջին դրսևորումներից մեկը, ըստ հոգեբանության, հումորի զգացումի կորուստն է։ Խոսքը, իհարկե, հանկարծահաս շոկային իրավիճակից ծնունդ առնող սարսափի մասին չէ, այլ ժամանակի ընթացքում կաթիլ առ կաթիլ ձևավորվող սարսափի զգացողության, որին նախորդում են ինքնօտարումը, հետո միայն կյանքի իմաստի ինքնախաբեություն - այլակերպումը ու նոոգեն նևորզը։

  • Ինչպե՞ս է բացատրվում այն զավեշտը, որ հռոմեական իրավունքով կանոնակարգված հասարակական կյանքում ստրուկն անհամեմատ ավելի պաշտպանված էր, քան «մարդու իրավունքների պաշտպանության» գերգաղափարի շողերով լուսավորված ժամանակակից աշխարհի որևէ երկրի ազատ քաղաքացին։