Վարդգես Պետրոսյան - Հատված «Հայկական էսքիզներ»



Ո՞րն ես դու, Հայաստան:
Ես քեզ որոնեցի երկար ու ցավագին:
Հազար անգամ գտա:
Չգտա:
Կորցրի:
Շփոթեցի ու կասկածեցի:
Ես քեզ որոնեցի այսօրվա Հայաստանի թրթռուն, երիտասարդ մարմնի մեջ ու գունաթափ քարտեզներում, որոնցով  գրգռեցին մեր պապերի դյուրահավատ հոգին, որոնցով խաբեցին մեզ բոլորը: Որոնեցի ամենայն կաթողիկոսների աղոթքներում առ աստված և ամեն հայի հայհոյանքի մեջ, որտեղ ամենքս էլ զարմանալի բանաստեղծ ենք: Ես քեզ որոնեցի իմ տատի ոչ թե երկու, այլ երեք տեղից ծալվող մատներում, որ շատ են նման խաղողի ծերացած, բայց չկոտրվող ճյուղերին: Որոնեցի իմ որդու դպրոցական առաջին տետրերի մեջ և Մատենադարանի մագաղաթներում: Որոնեցի հայ մարդկանց տաք վեճերի մեջ, երբ միանգամից քսան ծրագիր է մեջտեղ բերվում, թե ինչպես էր հնարավոր փրկել Հայաստանը հինգերորդ, տասներորդ, քսանյոթերորդ դարերում, 1915, 1916, 1917, 1918 թվականներին: Որոնեցի մեր լռության մեջ և հարսանիքի աղմուկներում, աթարի դեզերի մոտ նստած ծերունիների ալարկոտ զրույցներում և էլեկտրոնային արագացուցչի վրա կռացած երիտասարդ ֆիզիկոսի կասկածների մեջ: Որոնեցի գնացքներում թափառող կիսակույր աշուղների միամիտ երգերի մեջ և մեր՝ էլ ավելի միամիտ ճիչերի, որ սկսվում կամ վերջանում են նման բառերով. «Երբ մենք բժիշկ ունեինք, այսինչ-այնինչ ազգերը դեռ չգիտեին, թե ինչ է հիվանդ... »: Քեզ գտնելու համար ես անցա զարհուրելի մի ճանապարհ՝ Կարսից մինչև Ստամբուլ, նայեցի ամայացած հովիտներին, պղծված գերեզմաններին, իսկ ավելի շատ նայեցի գնացքի լուսամուտից դուրս խտացած մթությանը: Ես քեզ որոնեցի այսօրվա Երևանի շնչառության մեջ և պատմության խաչմերուկներում, որոնցից ոչ մեկով մեր ճակատագրի գնացքը չանցավ առանց վթարի: Ես քեզ որոնեցի ուրիշ ազգերի ազգակաների հետ ունեցած հանդիպումներում և ամեն անգամ ինձ զգացի հիվանդ և ամեն անգամ նվվացի հին վերքերը: Եղան դառը պահեր, երբ ուզեցի նույնիսկ ազատվել քեզնից, ապրել ինչպես բոլորը՝ այս փոքրիկ մոլորակի վրա, իբրև պարզապես դարի բնակիչ, բայց հասկացա, որ այդպես ապրելու համար պիտի դատարկվի իմ ողջ արյունը, պիտի կարողանամ դավաճանել նաև հորս գերեզմանին: Ու նորից որոնեցի, որոնեցի Հայաստանի ու աշխարհի ճանապարհներին, որոնեցի ծերերի կնճիռներում և ջահելների թվացող անհոգության մեջ, որոնեցի մեր ինքնասիրահարված բաժակաճառերում և սրտի վախվորած կծկումների մեջ, երբ ինչ-որ տեղ, աշխարհում, պատերազմ է, կամ խանութներում հանկարծ պակասում էլուցկին: Որոնեցի հին գերեզմանների մեջ ու ծննդատներում, որոնեցի մեր բոլորի մեծ մարդկանց կենսագրությունների մեջ, որ շատ են նման իրար և շատ են տխուր:
Այս «Էսքիզներում» ես գուցե ավելի կորցրել, քան գտել եմ քեզ: Բայց կորցրել եմ, փորձելով գտնել ու հավատալով, որ գտնեմ: Կգտնե՞մ արդյոք...
Կգտնեն ուրիշները և մի՞թե դա է կարևորը: Մենք շատ բան ենք կորցրել պատմության  խաչմերուկներում և կորցրած տարածությունը կրճատելու համար պիտի վազենք: Մենք վազում ենք ետ նայելով, անընդհատ նայելով: Այդպես չի անում ոչ մի իսկական վազող, այդպես  շատ ուրիշներն էլ, որ հիմա դեռ գալիս են ետևից, առաջ կանցնեն: Մեզ թվում ՝ բավական է ետ չնայել և կմոռանանք մեր պատմությունը, մեր պարանոցները շատ են ծռված: Ես քեզ որոնեցի այդ վազքի մեջ և ուզում եմ, որ դու  վազես առաջ նայելով: Առաջ, իսկ անցյալը մեր արյան մեջ է, մեր ճակատագրի, մեր լռության:
            Վերջակետից հետո ես նորից ճանապարհ կելնեմ:
            Քե՛զ որոնելու:
            Գտնելու:
            Կորցնելու:
            Կասկածելու, Քե՛զ համար ապրելու: