Արտաշես Քալանթարյան - Քննություն


  • Մարդուն ի՞նչ է պետք: Երևի հենց դա է ամենակարևոր հարցը: Ախր ամբողջը, հաստատ, հնարովի բարդությունը՝ իր հազար ու մի տեսակ հետևանքներով սկսում է հենց այն ժամանակ, երբ մարդուն թվում է, թե իրեն տրվածը քիչ է: Ձգտում է շատ ունենալ, դրա համար էլ ուժ է պետք, ճարպկություն է պետք, խորամանկություն է պետք՝ որպեսզի կարողանա անցնել ուրիշներին: Դրա համար, եթե անհրաժեշտ է, պիտի խնդրել, նվաստանալ, հաճոյանալ, գլուխ տալ ոչնչությանը, ծիծաղել, երբ լացդ է գալիս, լռել, երբ աղաղակել է պետք, բոլոր տեսակի սկզբունքների հերն անիծել, որովհետև շատը հենց այնպես, իրեն-իրեն քոնը լինել չի կարող: Շատը ուրիշներինն է: Եթե քոնը շատ է, ուրեմն ուրիշները չունեն: Բայց ոչ ոք չի մտածում այդ մասին, բոլորն էլ ցանկանում են շատ ունենալ, ինչ գնով էլ լինի, ավելի շատ ունենալ, քան ընկերը, հարևանը, բարեկամը և երբ չեն հասնում դրան, նեղանում են իրենց ճակատագրից, ընկերջից, հարևանից, բարեկամից, նեղանում են աշխարհից… Այնինչ՝ մարդուն ինչքա՞ն է պետք …

  • Եվ նա ներեց նրանց: Ընդանրապես նա սիրում էր ներել մարդկանց, հույս ունենալով, որ մի օր էլ իր մեղքերը կներվեն:

  • – Չփորձեցի՞ր բողոքել, արդարանալ:
    - Ո՞ւմ, Արգամ Պետրովիչ, ո՞ւմ… Հետո մի մոռացեք, որ ես միամիտ էի ու մեծամիտ… Համոզված էի, թե աշխարհն իրար կխառնվեր: Թե այն մարդիկ, ովքեր երախտագիտությամբ և արցունքներով աչքերը մեծարում էին ինձ արդար դատավճիռ կայացնելու համար, փողոց դուրս կգան և կբղավեն. Սամսոնյա՜ն, Սամսոնյա՜ն…: Ես հավատացած էի, թե իմ ղեկավարներն անմիջապես Կետկոմ կգնան, ատամներով կպաշտպանեն ինձ: Թե իմ ընկերները, մտերիմները, որոնք բաժակները  ձեռքներին  երկինք էին բարձրացնում ինձ  և համարում հանրապետության ամենալավ իրավաբանը, բողոքի հեռագրերով կողողեն Մոսկվան… Այնինչ  ո՛չ մի ձայն, ո՛չ մի ծպտուն,  ո՛չ մի ցույց… Կարծես թե ճանճ էին սպանել… Ո՛չ ոք չկանգնեց իմ կողքին:


Մի՛ լար, մի՛ թացիր աչքերդ,
Աչքդ լույսն ափսոս է, կանցնի…
Մի՛ տխրիր, վարդ գարուն հասակդ մի օր է,
Վառ մայիս, կանցնի...
 Ի՞նչ ես, ջան, էդ դարդին գերվել,
Դա էլ մի գիշեր է, կանցնի,
Էս կյանքն էլ մի հեքիաթ է էսպես,
Մի՛ շտապիր, մի՛ տանջվիր, կանցնի…



  •  Մարդիկ միշտ ավելի լավն են, քան մենք մտածում ենք նրանց մասին:

  • Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե մարդ ինչ կանի հաջորդ վայրկյանին: Ամեն ինչ կա ու ամբարված է մարդու մեջ և դրսևորվում է հանգամանքներին համապատասխան: Եվ հաճախ, շատ հաճախ, թելադրող է դառնում իրավիճակը: Դրա համար էլ մենք սովորաբար անցյալի դեպքերը և մեր արարքները վերլուծելու և գնահատելու  ժամանակ, հանկարծ ափսոսանքով ասում ենք.-Եթե գնացքը չուշանար, այդ հիմար դեպքը տեղի չէր ուեննա:
  • -Եթե նա չծիծաղեր, ես չէի վիրավորվի
    -Եթե մեկն ու մեկը բռնի ձեռքս
    Եվ ասյպես շարունակ: Եվ այսպես անվերջ…


  • Եթե ստրուկներ պիտի մնայիք, էլ հեղափոխությո՞ւնն ինչի համար էր:

  • Տղա ջան, սրտիդ մոտ չվերցնես: Սիրտդ մեղք է: Մարդու համբավը, որ դուրս է գալիս, Արգամ ջան, թշնամիներն էլ հետն են դուրս գալիս: Էդպես է: Էդպես եղել է ու էդպես էլ կլինի: Տես, ինչքան փիս բաներ վերացան, չէ՞, օրինակ՝ քոսը, մալարիան, ոջիլը, թախտաբիթին… բայց նախանձը, չարությունը չվերացան: Որովհետև քոսն ու թախտաբիթին մարդուց դուրս են ու մարդը կարողանում է կռվել դրանց դեմ, իսկ նախանձի ու չարության դեմ չի կարողանում, որովհետև դրանք իր հոգու մեջ են: Էդպես է:

  • Ստոր մարդ, դու որ ամեն ինչին գին ես դրել և անգիր գիտես այդ գները, դե ուրեմն ասա ինձ, թե ի՞նչ արժե, թե որքա՞ն ես գնահատում իմ ցավը, զարմանքը, հուսահատությունը, տառապանքը, գիշերային անքնությունը, անորոշության տագնապը, արտադրամասի կործանումը, Բակուրի սրտի նոպան, Հասմիկի լացը, Նաիրիի արյունակալած աչքերը, մորս թաքուն ողբն ու աղոթքները, Նորայրի անհանգստությունը, պաշտոնակիցներիս արհամարհանքը, դատախազի օրինակի նենգությունը ու լկտիությունը, ընդունարաններում իմ նվաստացած սպասելը... Ի՞նչ արժեն: Ամեն մեկի համար առանձին-առանձի՞ն ես վճարելու, թե բոլորի համար միասին:

  • Ովքե՞ր են խաղաղ օրերի հերոսները, որտե՞ղ են ծնվում նրանք: Միայն այնտեղ, որտեղ հաստատուն կարգ ու կանոն չկա: Եթե ամեն մարդ բարեխղճությամբ կատարի իրեն հանձնարարված գործը, հերոսության կարիք չի զգացվի: Պետք է ոչ թե հերոսներ ծնել, այլ պայքարել այն երևույթների դեմ, որոնք հերոսության, անձնազոհության են մղում: Ավելի արդար չի՞ լինի, եթե մարդիկ և՛ սեփական կյանքը խնայեն, և՛ ուրիշների կյանքը: Այնպես որ ամեն անգամ, երբ մեր ղեկավարները Ոսկե աստղ են փակցնում մեկն ու մեկի կրծքին, ես սարսափում եմ: Որովհետև հասկանում եմ, թե ինչ զոհերի ու զոհողությունների գնով է մարդ ստիպված հերոս դարձել: