- Երևակայական ցնծության պատրանքը նրան այնպիսի ջանասիրությամբ էին շփոթում իշխող իրականության հետ, որ թվում էր, թե հասարակության` հարբեցողությունն ու անբարո վայելքներն աﬔն քայլափոխի խստորեն դատապարտող ստվար զանգվածի փրկությունը հենց իրենց անողոք քննադատության առարկաներն էր: Գունավոր և անգույն, ոգելից և ոչ այնքան ըմպելիքները հորդում էին շիթերով, իսկ ագահությամբ նրանց տրվող մարդիկ անձնուրաց կերպով դատարկում էին բաժակներն այնպես, որ տպավորություն էր ստեղծվում, թե հաջորդ օրն առավոտյան խոր հիասթափություն չէին ապրելու: Սխալվում էին հերթական անգամ, հերթական, բայց, ցավոք, ոչ վերջին...
- Ու քաղաքն ամեն երեկո լույսի հետ մեռնում էր, առավոտյան հարություն առնում կրկին: Ամեն անգամ մեռնելիս նա այնքան խղճուկ տեսք էր ընդունում, որ թվում էր, թե վերջին անգամ է մեռնում: Հանգիստ էր մեռնում, առանց որևէ ճիչ արձակելու. մեկ է՝ ոչ ոք դրան ուշադրություն չէր էլ դարձնելու. չէ՞ որ մարդիկ վաղուց արդեն համակերպվել էին, որ իրենց հարազատ օրրանը հոգեվարքի մեջ է և տառապում է անբուժելի վարակիչ տենդով: Ոչ ոքի մտքով չէր անցնում անգամ, որ մի օր էլ իրենք գուցե վարակվեն իրենց քաղաքից, իսկ թե ումից էր վարակվել ինքը` քաղաքը, գիտեին բոլորը: Գիտեին, բայց չէին խոստովանում...
- Կյանքը եթերային սիրուց ու կարդացված երջանկությունից բացի ունի նաև իրական կողմեր:
- Յուրաքանչյուր մարդ իր սեփական կարգավիճակի հիմնավորման վարպետն է:
- Շատերն են ամբողջ կյանքում փնտրում այն, ինչ ինքն արդեն ունի, և այդպես էլ չեն գտնում:
- Մաքուր հոգին պիղծ մարմնում երկար չի դիմանում:
- Միամիտ ես դու, եթե մտքովդ երբեք չես անցկացրել, որ կարող ես խաբվել:
- Իսկ ի՞նչ ասի խեղճ ժողովուրդը, որին ամեն օր խաբում են նրանք, ովքեր կարող են խաբվել անգամ միամիտ ժողովրդի հորինած ստից: Սուտ, որը քննադատվում է բոլոր բարոյական սկզբունքներով և միևնույն ժամանակ հանդիսանում է այն կշռաքարը, որը, դրված լինելով կշեռքի մի նժարին, միևնույն է, չի կարողանում ավելի բարձր դիրք գրավել, քան ճիշտը, որովհետև ավելի ծանր է: Եթե չլիներ կյանքի դաժան փորձը, գուցե կուրորեն հավատայինք կշեռքի ճշտությանը: Իսկ հիմա ստիպված ենք կշեռքը ստուգել մի անկախ կշռաքարով, որը, սակայն, նույնպես խաբում է` այս անգամ ոչ թե շահից ելնելով, այլ... սովորության համաձայն:
- Դեռ մանկուց նրա մեջ դրոշմվել էր բնավորության այդ խոնարհ գիծը` լուռ կուլ տալ այն ամենը, ինչ կյանքը խցկում է կոկորդդ:
- Ատում էր նրանց, ովքեր, անընդհատ օգտագործելով ինչ որ խելացի մտքեր, որ պատահմամբ ինչ որ մեկից լսել են և որոնց իմաստն իրենք էլ չեն հասկանում, ջանում են երևալ շատ ավելի խելացի, քան իրականում են: Եվ այս կրկեսում ամենազավեշտալին ոչ թե նրանք են, այլ այն մարդիկ, ովքեր համակ ուշադրությամբ լսում են վերջիններիս ու հիանում նրանց արտահայտած մտքերի խորությամբ:
- Շրջապատի ծաղրը չափազանց դաժան է, հաճախ` նաև կործանիչ:
- Չէ՞ որ մարդը ստեղծված է այնպես, որ ուզում է այն, ինչ տեսնում է աչքերով: Ա՛չք... սարք, որը նախատեսված է արտաքին աշխարհից տեղեկություն ստանալու, ինչո՞ւ չէ, նաև գեղեցկության, բայց ոչ երբեք հարևանի ունեցվածքի վրա գցելու համար:
- Զուր է բացատրելը կույրին, որ աշխարհում առանձնապես տեսնելու բան էլ չկա:
- Դժվար է համոզել հուսահատվածին, թե ամեն ինչ դեռ վերջացած չէ:
- Ինչ խոստումով էլ սանձես միտքդ, ինչքան էլ պարզ լինի, որ ուշացել ես, միևնույն է, հավատում ես:
- Պարզապես հոգնել էր իր երազանքները ուրիշների մոտ իրագործված տեսնելուց:
- Անիմաստ է մեղադրել սեփական «ես»-իդ ճակատագրի թերացումների համար, բայց մյուս կողմից էլ նույնքան անհեթեթ է վերջինիս զրպարտելը, երբ չես փորձում իրերը դասավորել քո հայեցողությամբ:
- Անհարմար առօրյան ու անիմաստ խնդիրներն այնքան խիտ էին տեղավորվել քսանչորս ժամում, որ տեղ չկար տարրական հարգանքի ու զգացմունքների համար:
- Լռությունն իրոք որ կորցրել էր իրեն. այն իր տեղը պարզապես չէր գտնում՝ լսելով համրի և խուլի խոսակցությունը:
- —Գիտե՞ս, ուզում եմ` սիրտս հանեմ ու գրողի ծոցն ուղարկեմ։—Ես նրան լավ կնայեմ:
- Ապրի՛ր, Նեկրի՛ստո, ու ապրի՛ր այնպես, որ ներկադ արժանի լինի անցյալիդ, այլապես կկորցնես անցյալդ: Իսկ առանց անցյալի դու ոչինչ չունես։ Պետք է ապրել:
- Հասկացի՛ր, սերն ամեն ինչ չէ, որ որոշում է կյանքում... Իհարկե, սերը հիասքանչ է, այն զարդարում է մեր կյանքը, ջերմությամբ է լցնում մեր սիրտն ու հոգին, էապես փոխում է մեր մտածելակերպն ու վերաբերմունքն առհասարակ ամեն ինչի նկատմամբ և այլն և այլն, սակայն մի՛ մոռացիր, որ այն պարզապես մեր կյանքն ուղեկցող մի լրամաս է, առանց որի նույնպես կարելի է և պետք է ապրել:
- Հանրությունը պարզապես չի կարող պատկերացնել մի բան, որ երբևէ չի տեսել:
- Պատկերացրեք` որքան արցունք էր պետք, որ ամբողջությամբ լցվեին այդ աչքերը...
