Վարդգես Պետրոսյան - Հատված «Կրակե շապիկ» / 2



Արամը ձեռքով արեց, որ պիտի խոսի, բայց վայրկյաններ անցան և բառերը նրա մեջ դժվար էին արթնանում:
    - Առաջին բաժակը ես խնդրում եմ բարձրացնել մեր գերդաստանի՝ Նունե Մուղնեցյան - Վահանյան գերդաստանի կենացը: Աշխարհի քարտեզի վրա սփռված - կորած նրա բոլոր արմատների կենացը: Այո նրա գերդաստանը լրիվ չհավաքվեց,- դադար առավ, հայացքով սահեց լուսանկարից լուսանկար, դատարկ աթոռից  դատարկ աթոռ:- Չհավաքվեց այդ գերդաստանը ու չի հավաքվի երբևէ… չի կարող հավաքվել… Ներիր ինձ տա՛տ, դու իմաստուն կին ես և երևի դա ինձանից ավելի լավ գիտեիր: Մեր սեղանին դատարկ աթոռ շատ մնաց ոչ թե նրա համար, որ նրանք, ովքեր չեկան... մեզնից անսիրտ են կամ խնայեցին իրենց ժամանակը, փողը, առողջությունը… Ո՛չ հազար անգամ՝ ոչ: Անհնար էր, որ նրանք գային: Անհնար էր ճակատագրով: Հայի՞ ճակատագրով… չգիտեմ:
Խնդրում եմ, մի անգամ էլ նայեք քարտեզին. մի, ընդամենը մի գերդաստան կողք կողքի գալու համար մարդիկ պիտի թռչեն երեք աշխարհամասից, տասնյոթ քաղաքից, հաշվել եմ, բոլորով միասին պիտի թռչեին հարյուր տասնինը հազար կիլոմետր… Չպիտի հավաքվեին, անհնարին սխալ պիտի լիներ, եթե հավաքվեին, ներիր ինձ, տա՛տ, մենք ընկերներ ենք, չէ՞, դու միշտ՝ իմ ամենամոտ ընկերը չե՞ս եղել:
Հայի ճակատագի՞ր: Այո երևի միայն նրանով, որ մենք դեռ ուզում ենք հավաքվել, խաբել ենք ուզում այդ ճակատագիրը, դեռ պահմտոցի ենք խաղում նրա հետ: Դե՛ռ: Կան մեր ճակատագրի ժողովուրդներ, որ արդեն կամ շատ վաղուց հոգնել են այդ ցանկությունից: Արդեն… Վաղուց… Ուրեմն, առաջին բաժակով խմենք այդ ցավի կենացը, որ մեկ է ապրում է ամեն մեկիս մեջ, այն դառը գիտակցության կենացը, որ մենք այլևս երբեք չենք հավաքվելու միասին՝ մի գերդաստանով, մի ժողովուրդով, նույնն է, և միշտ պիտի ուզենանք դա անել: Եվ կապրենք քանի դեռ ուզում ենք, լրիվ գիտակցելով դրա անհնարին լինելը: Մենք չենք հավաքվի բոլորով: Բոլորով, կողք կողքի՝ կարող են լինել միայն լուսանկարները, այն էլ՝ եթե լինի մեկը, ինչպես դու, իմ հանճարեղ տատ, ինչպես դու՝ որ ուզենա կողք կողքի բերել այդ լուսանկարները:
Գիտեմ տխուր բաներ եմ ասում, իսկ այսօր, եթե կուզեք, պատմական օր է: Առաջինը պիտի տատիս կենացը խմեինք, գիտեմ, և տատս իմ ճանաչած ամենամեծ մարդն է, ես տատիս նկարը արդար կհամարեի մեր ժողովրդի հավաքական անձնագրին փակցնելու, եթե ժողովուրդները այդպիսի անձնագիր ունենային մի օր…
Տատս իմ ճանաչած ամենամեծ մարդն է, որովհետև կռիվ է տալիս ճակատագրի հետ, համաձայն չէ այդ ճակատագրին, պատմությանը, աշխարհի քարտեզին: Տոնական այս սեղանը տատիս պարտությունն է, որովհետև, մի անգամ էլ նայեք, թե քանի աթոռ է դատարկ մնացել: Տատիցս հետո, եթե այսպիսի առիթ լինի, դատարկ աթոռները ավելի շատ կլինեն, թեպետ դա հազիվ թե երևա, որովհետև մենք աթոռներին մեր չեկած հարազատների նկարները չենք դնի և նրանց լուսանկարների առաջ գինի չեք դնի, ափսե-դանակ-պատառաքաղ-անձեռնոցիկ չենք դնի… Քո պարտության կենացը… ինչպես Ավարայր:
Ի՜նչ արած, գուցե մենք էլ՝ այսպիսի պարտություններով ենք հաստատել և պիտի շարունակենք հաստատել ապրելու մեր իրավունքը: Ուրեմն քո պարտության կենացը, տատ, օրիորդ Նունիկ Մուղնեցյան, տիկին Նունե Վահանյան և, վերջապես, ամենայն Հայոց Նունե մայրիկ…