- Իրերը ցավ չեն զգում, իրերը ոչինչ չեն զգում, չեն ճչում, չեն հեծկլտում, ինչպես կարող էր ճչալ ու գոռալ մարդը:
- Ո՞նց կարելի է այսպես դատարկ լինել: Ո՞վ է մարդուն զրկում իր ներքին հարստությունից:
- Գրքերում մի բան կա, մեզ համար աներևակայելի մի բան, որը կարող է կնոջը ստիպել ողջակիզվել դրանց հետ. գրքերում անշուշտ, ինչ-որ բան կա: Հենց այնպես նա չէր մնա հրկիզվող տանը:
- Ես առաջին անգամ հասկացա, որ յուրաքանչյուր գրքի ետևում մի մարդ է եղել: Յուրաքանչյուր գիրք ծնվել է մի մարդու շնորհիվ: Նա հսկայական ժամանակ է ներդրել իր մտքերը թղթին հանձնելու համար: Ինչ-որ մեկը մի ամբողջ կյանք է նվիրաբերել իր մտքերը գրի առնելու համար՝ խորամուխ լինելով իրեն շրջապատող աշխարհի ու կյանքի իմաստի մեջ, ու հանկարծ գալիս եմ ես. ընդամենը մեկ-երկու րոպե, և բում... ամեն բան այլևս մոխրի է վերածված:
- Քեզ մենակ թողնել: Այդ անել ես կարող եմ: Սակայն ինչպե՞ս ինքս մենակ մնամ այս մեղքի հետ:
- Մարդիկ միշտ սարսափում են անսովորից: Վստահ եմ՝ կհիշեք Ձեր դասարանի այն տղային, ով «բացառիկ» ընդունակություններ ուներ, արտասանում էր բոլոր անգիրներն ու պատասխանում բոլոր հարցերին, մինչ մյուսները, արձանների նման կապարի ծանրությամբ նստած, ատում էին նրան: Եվ ո՞ւմ էին դասերից հետո ծեծելու և տանջանքների ենթարկելու, եթե ոչ այդ «բացառիկ» տղային: Բոլորն անխտիր պետք է նման լինեն միմյանց: Մենք բոլորս ծնվում ենք ազատ և հավասար: Յուրաքանչյուր մարդ մյուսի նմանությամբ պիտի լինի, և բոլորը երջանիկ կլինեն. Այդպես նրանց շուրջը լեռներ չեն լինի, որոնց առաջ ստիպված կլինեն խոնարհվել, որոնց համեմատությամբ ստիպված կլինեն դատել իրենք իրենց:
- Եթե չես ուզում քո հասարակության մեջ տեսնել դժբախտ քաղաքացիների, թույլ մի՛ տուր նրանց հասկանալ հարցի երկու կողմերն ու մտահոգվել այդ առիթով: Հարցի միայն մի կողմը հաղորդակից դարձրու նրանց, դեռ վելին՝ ընդհանրապես հնարավորություն մի՛ տուր քննարկել այդ հարցը:
- Եթե շատ բաների բացատրություն ես ուզում իմանալ, վերջում կորցնում ես երջանկությունդ, եթե իահրկե, հասնում ես վեջին:
- Հագեցրո՛ւ նրանց դյուրահավատ տվյալներով, բթի՛ր անիմաստ «փաստերով» այնպես, որ հագուրդ ստանան, դեռ ավելին՝ կարծեն իբրև կրթված են, նրանց թվա՝ իբրև մտածում են, իբրև թե շարժվում են, երբ ընդամենը դոփում են տեղում: Եվ նրանք երջանիկ կլինեն, որովհետև այդ տեսակի փաստերը, որով բթել են նրանց, երբեք չեն փոխվում: Թույլ մի՛ տվեք, որ նրանք հետաքրքրվեն այնպիսի անվստահելի բաներով, ինչպիսին փիլիսոփայությունն է կամ սոցոլոգիան, որպեսզի չկարողանան փաստերը կապել միմյանց, եզրակացություններ անել,թե չէ մելամաղձության գիրկը կընկնեն:
- Ոչ ոք չի կարող որոշել այն ճշգրիտ պահը, երբ մարդկանց մեջ ծնվում է ընկերությունը: Դա նման է անոթը կաթիլ առ կաթիլ ջրով լցնելուն. ի վերջո հասնում ես այն վերջին կաթիլին, որից հետո ջուրը դուրս է թափվում անոթից: Ճիշտ այդպես մի բարությունից մյուսը չես նկատում, թե երբ ավելացրիր բարությանդ վերջին կաթիլը, որը ստիպեց, որ դիմացինիդ սիրտը հեղեղվի քեզնով:
- Այս երկար ու ձիգ տարիների ընթացքում նա առաջին մարդն էր, ում իսկապես սիրեցի: Այն բոլոր մարդկանցից, ում հիշում եմ, նա առաջինն էր, որ նայեց ուղիղ աչքերիս մեջ, այնպես, ասես ես նրա համար նշանակություն ունեի:
- Եթե չիմացությունդ ի ցույց չդնես, ոչ ոք չի հղկի քեզ, և դու երբեք չես սովորի:
- Նա ջանաց պատկերացնել դատարկությունը, որի ներսում ոչնչություն էր քարոզվել այսքան երկար տարիներ, սակայն չհաջողվեց: Շունչը պահեց, որպեսզի դատարկությունը չներթափանցի թոքերի մեջ:
- Որքան տարօրինակ է, անասելի տարօրինակ այդչափ ուժգին մահ տենչալը, երբ թույլ ես տալիս, որ դիմացինդ զենքը ձեռքին քայլի շուրջդ, իսկ հետո լռելու ու կյանքդ փրկելու որևէ փորձ անելու փոխարեն այնպես ես ծաղրում նրան, գոռում վրան և այն աստիճան կատաղեցնում, որ սպասնում է քեզ…
- Մարդ քանի՞ անգամ կարող է այսպիսի անկումներ ունենալ և ողջ մնալ:
- Ժամանակը զբաղված էր տարիները այրելով, մարդկանց տարիները. ուրեմն հենց իրենց՝ մարդկանց:
- Տարօրինակ է: Ես չեմ կարոտում նրան: Տարօրինակ է, բայց որևէ բան զգալու ընդունակ չեմ: Եթե անգամ մեռնի նա, միայն հիմա եմ հասկանում, որ չեմ տխրի, կարծում եմ՝ չեմ տխրի: Այսպես ճիշտ չէ: Ինձ հետ ինչ-որ բան այն չէ:
- Ես երեխա էի, երբ պապս մահացավ: Շատ բարի մարդ էր, մեջը մեծ սեր կար աշխարհին տալու համար: Նա օգնում էր մաքրել մեր քաղաքի ետնախորշերը, մեզ համար խաղալիքներ էր պատրաստում և հազար ու մի բան էր հասցնում անել իր կյանքում: Ձեռքերը միշտ զբաղված էին: Երբ պապս մահացավ, ես հանկարծ հասկացա, որ ամենևին էլ նրա համար չէի լալիս, այլ նրա արածների համար: Լալիս էի, որովհետև նա այլևս չէր անելու այդ ամենը, նա այլևս փայտի կտորից ինչ-որ նոր բան չէր քանդակելու, չէր օգնելու մեզ ընտանի ու վայրի աղավնիներ պահել ետնաբակում, չէր սովորեցնելու իր պես ջութակ նվագել, իր պես կատակներ անել: Նա մեր մի մասնիկն էր և երբ մահացավ, մեր մեջ ունեցած նրա մի մասնիկն էլ մեռավ, էլ ոչ ոք չկար, որ այդ ամենը կարողանար անել ճիշտ այնպես, ինչպես ինքն էր կարողանում անել: Նա մեծ անհատականություն էր: Կարևոր մարդ էր: Ես նրա մահը երբեք էլ չեմ հաղթահարել: Հաճախ մտածում եմ՝ որքան գեղեցիկ քանդակներ չծնվեցին, որովհետև նա մեռավ: Քանի՜-քանի կատակներ են պակասում աշխարհին, քանի՜-քանի աղավնիներ չեն զգում նրա մատների ջերմությունը: Նա կաղապար էր տալիս աշխարհին: Նա աշխարհին նոր բաներ ուներ տալու: Աշխարհը սնանկացավ. միլիոնավոր արարքներ դադարեցին պատահելուց այն գիշեր, երբ նա մեռավ:
- Ամեն ոք պետք է իր հետևում
ինչ-որ բան թողնի, երբ մեռնում է:
