Չարլզ Չապլին - Հատված «Իմ կենսագրություն»-ից



Շատ անհեթեթություններ են գրվել դեպի մանկությունն ու խոր մելամաղձությունը իմ հակվածության մասին: Կարող է պատահել, որ ես երբեք կարիք չեմ ունեցել քանակությամբ առանց ընտրության ընկերենրի, որոնց գրավում է սոսկ նշանավոր անունը: Ես սիրում եմ ընկերներ, ինչպես երաժշտությունը, երբ լավ տրամադրության մեջ եմ: Դժվար չէ օգնել ընկերոջը, երբ կարիքի մեջ է, բայց ոչ միշտ կարելի է զոհաբերել  նրան քո ժամանակը: Երբ իմ հռչակը հասել էր իր գագաթնակետին, շուրջս էին խառնվում անթիվ ու անհամար բարեկամներ ու ծանոթներ: Եվ քանի որ ինձ հատուկ է ոչ միայն մարդամոտությունը, այլև փոքր ինչ ինքնամփոփությունը, ես ժամանակ առ ժամանակ անհաղթահարելի ցանկություն եմ ունենում հեռանալ մարդկանցից: Գուցե հենց դա է հիմք ծառայել այն հոդվածների համար, որոնց հեղինակները գրել են իմ անմարդամոտության, ներփակվածության և իսկական բարեկամության անընդունակ լինելու մասին: Սա, իհարկե, դատարկ բան է: Ես ունեմ երկու լավ բարեկամներ, որոնք գեղեցկացնում են իմ կյանքը և նրանց հետ լինելը միշտ ուրախություն է պատճառում ինձ:
Մինչդեռ մամուլում ինձ փառաբանել են, կամ անվանարկել, նայած հեղինակի կարծիքին: Օրինակ Սոմերսեթ Մոեմը  իմ մասին գրել է.
«Չարլի Չապլին… նրա կոմիզմը պարզ է, դուրեկան ու անմիջական: Եվ, այնուհանդերձ, դուք ամբողջ ժամանակ զգում եք, որ դրա հետևում թաքնված է խոր թախիծ: Նա տրամադրության մարդ է և որպեսզի զգաք, որ նրա հումորը ներծծված է թախիծով, ձեզ ամենևին էլ պարտադիր չէ լսել, թե նա ինչպես է կատակով ասում. «Երեկ, երեկոյան ինձ վրա թախիծով այնպիսի սևամաղջություն էր իջել, ուղղակի չգիտեի ուր կորչեի»: Նա երջանիկ մարդ չի երևում: Ես կարծում եմ, որ նա երբեմն թախծում է այն գետնախորշերի պատճառով, որտեղ մեծացել է: Փառքը և հարստությունը ստիպում են նրան վարել այնպիսի կյանք, որն նրան ճնշում է: Ինձ թվում է, թե զգալով կորստի անդառնալիությունը, նա թախծով  վերհիշում է իր պատանեկան ազատությունը՝ նրա աղքատությունը և դառը կարիքի հետ մեկտեղ, երբ ստիպված էր լինում կռիվ տալ մի կտոր հացի համար: Հարավային Լոնդոնի փողոցները, առաջվա պես, նրա համար մնում են կռվարարության, զվարճության և խելացնոր արկածների կենտրոնակետ: Ինձ թվում է, թե տեսնում եմ ինչպես է նա մտնում իր դասատակերտը և չի հասկանում, թե ինչու է եկել այստեղ, այդ օտար կացարանը. Կարծում եմ որ միակ տունը, որ նրա համար հարազատ է մնացել, դա Քենինգթոն-րոուդի վրա գտնվող տան երկրորդ հարկի պատուհաններով դեպի բակը նայող խղճուկ սենյակն է: Մի անգամ մենք նրա հտ զբոսնում էինք Լոս-Անջելեսի փողոցներով և մտանք ամենաաղքատ թաղամասերից մեկը: Մեզ շրջապատեցին խարխլված եկամտաբեր տները և կրպակների խղճուկ, անճոռնի ցուցափեղկերը, որտեղ վաճառվում են ապրանքներ, որ օրավարձով գնում են աղքատները: Նրա դեմքը հանկարծ ողողվեց ժպիտով, և նա աշխույժ բացականչեց. «Այ սա իսկական կյանք է, ճի՞շտ է: Իսկ մնացած բոլորը՝ միայն կեղծիք է»:

Այդպիսի բան ես  երբեք չեմ ասել: Մենք մտանք Լոս-Անջելեսի Մեքսիկական թաղամասը, և ես ասացի. «Այստեղ ավելի շատ կյանք կա, քան Բեվերլի Հիլսում»:
Ուրիշի աղքատության հանդեպ սեր վերագրելու այսպիսի ձգտումը ինձ զայրացնում է: Ես դեռ երբեք բախտ չեմ ունեցել հանդիպելու մի աղքատի, որը տանջվեր աղքատության կարոտից կամ ազատություն գտներ նրա մեջ: Եվ միստր Մոեմին չի հաջողվել ոչ մի աղքատի համոզել, թե փառքը և մեծ հարստությունը նեղում է ինձ, ընդհակառակը, այն ինձ տալիս է մեծ ազատություն: Չեմ կարծում, թե Մոեմը ցանկանար այդքան անհեթեթ մտքեր վերնագրել իր ստեղծագործությունների նույնիսկ ամենաերկրորդական հերոսներին:
Ես աղքատության մեջ հրապուրիչ կամ ուսանելի ոչինչ չեմ գտնում: Այն ինձ ոչինչ չի սովորեցրել և միայն աղավաղել է կյանքի արժեքի մասին իմ պատկերացումները՝ ներշնչելով ինձ անհարկի հարգանք հարուստների ու հասարակության այսպես կոչված բարձր դասերի բարեգործության ու տաղանդի հանդեպ: Ընդհակառակը, հենց հարստությունն ու փառքը ինձ սովորեցրին աշխարհը տեսնել իսկսկան լույսով, օգնեցին ինձ գիտենալ, որ նշանավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր տեսակի մեջ, մոտիկից նույնքան անկատարյալ են, ինչպես մենք բոլորս: Հարստությունը և փառքը ինձ սովորեցրին արհամարհել առավելության այնպիսի նշանները, ինչպիսիք են զինվորական շքազգեստը, թանկագին ձեռնափայտը կամ ձիավորի մտրակը, որովհետև ովքեր զարմացնում էին դրանցով, սովորական  պճնամոլներ են: Հարստությունը և փառքը օգնեցին ինձ հասկանալ, որ մարդու առժանապատվությունն ու խելքը ամենևին էլ չեն որոշում օքսֆորդյան ծագումով,-չէ՞ որ այդ առասպելը ինչ-որ չափով կաթվածահար արեց Անգլիայի միջին դասակարգը, և որ մարդու բանականությունը անպայման չէ, որ հանդիսանում է պտուղը կրթության, կամ դասականների հետ ծանոթության:
Ի հեճուկս Մոեմի հավաստացումների, ես, և յուրաքանչյուր ոք, իսկապես այն եմ, ինչ որ կամ, միակը իմ ծնունդով և անկրկնելի մի անձնավորություն, ընդհանրացումը իմ նախնիների համոզմունքի և ձգտումների, ինչպես և իմ սեփական ցանկությունների, երազանքների և կենսափորձի: