Արտաշես Քալանթարյան - Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները


  • Վահան Վանյանը վաղուց սրտնեղություն չէր զգում, երբ աշխարհի որևէ ծայրում հանդիպում էր հայի, որ հայերեն չգիտեր և հանգամանքների բերումով կամ նպատակահարմարության տեսակետից անուն ազգանունը փոխվել էր: Իսկ երբ շուրջ քսան տարի առաջ երիտասարդական մի խմբի հետ Անգլիայում էր, ձեռք չմեկնեց տարեց մի բժշկի, որը ներկայացավ Ջոն Մարտիմեր, իսկ հետո հայտարարեց, թե ինքը հայ է և իր սեփական անուն ազգանունը Կիրակոս Մարտիրոսյան է: Չմեկնեց ձեռքը ցասումից շողացող աչքերով ասաց, որ ինքը չի ցանկանում ծանոթ լինել մի հայի հետ, որն ամաչում է իր հայկական անունից: Նա սպասում էր, որ Ջոն Մարտիմերը կզայրանա, առնվազն կասի, որ դա նրա գործը չէ, բայց փոխարենը Կիրակոս Մարտիրոսյանը տխրությամբ ասաց հայերեն՝ տառապելով ու հեգելով.   -Եթե ես քեզ պատմեմ, տղաս, թե ինչպես է պատահում, որ Կիրակոս Մարտիրոսյանը դառնում է Ջոն Մարտիմեր, թեթև զբոսանքի համար քեզ տրված երկու շաբաթը ո՛չ թեթև կթվա, ո՛չ էլ զբոսանք: Ապրիր և ուրախացիր ուրեմն, որ ո՛չ քո հայրը, և ո՛չ էլ դու, դրա հարկը չեք ունեցել:

  • Ես տեսա ու հասկացա ամենակարևորը,- ասաց Վահան Վանյանը:- …Ես հասկացա, թե ինչու էր իր հեքիաթը մայրիկս սկսում միշտ նույն  բառերով՝ Եփրատը կարմիր կհոսեր: Մարդկայի հիշողությունը կարճ է, և նա վախենում  էր, թե մի օր, երբ ազգը երջանիկ կկարծի իրեն, հանկարծ կմոռանա Դեր Ձորը: Եվ կրկնում էր, որպեսզի և՛ ինքը հիշի, և՛ իր զավակները... Ու հիմա էլ կրկնում է, որ թոռները հիշեն... չմոռանան... Ռոբերտ Փոթերը սիգարետ վառեց ու խորը ներս քաշեց ծուխը: -Ծանր ժառանգություն է,-ասաց նա:

  • Ինչո՞ւ է ծիծաղն այդքան  արագ  մտերմացնում մարդկանց:

  • Հիվանդանոցում շուտ են մտերմանում: Միագույն խալաթները միանգամից հավասարեցնում է մարդկանց:

  • Ո՞վ չգիտե, որ ամենից շատ քնել ուզում է անտուն մարդը:

  • Հոգեհանգստի ու հուղարկավորության այդ ամբողջ ծիսակատարությունից Շավարշ Արամյանի հոգում ինչ-որ դառը նստվածք էր մնացել: Ո՛չ այն պատճառով, որ Աննան մահացել էր, ո՛չ: Աննայի մահը նա դեռ չէր ընկալում և ավելի շատ զարմացած էր: Անդարձ կորստի ցավը չէր զգում դեռ: Դա երևի հետո պիտի գար: Նրան ավելի շատ դառնություն էին պատճառել հուղարկավորողների անհարկի իրարանցումը, բարձրաձայն խոսակցությունները, ինչ-որ անծանոթ ու օտար մարդկանց գործնական միջամտությունները, վիրավորական շտապողականությունը: Կարծես բոլորը շտապում էին: Շավարշ Արամյանին թվում էր նույնիսկ քառյակը ասես ընդունվածից արագ են նվագում: Արագ են նվագում նաև փողային նվագախումբը, և մարդիկ ոչ թե քայլում էին, այլ վզում և վազելով  էլ տարան դագաղը, որ Շավարշին մտահոգում էր միայն մի բան. hանկարծ չսայթաքի որևէ մեկը: Եվ այնտեղ գերեզմանոցում… բոլորը շտապում էին, ամեն ինչ արվում էր արագ-արագ, հևալով այնքան արագ փոսն իջեցրին դագաղը, որ ցած թափվող քարերի շրխկոցից  միայն նա հասկացավ, որ ամեն ինչ վերջացած է:

  • – Այո, լսել անգամ չեմ ուզում գյուղ գնալու մասին: Գյո՜ւղ: Քաղաքացի աղջիկ, նախանձելի շրջապատ, հիանալի առանձնատուն, բարձրագույն բժշկական կրթություն, զարգացած, կուլտուրական ծնողներ: Թողնել այս բոլորը ու ինչ-որ գյո՞ւղ գնալ, ուր աղքատներն են կանչում և միահարկ, հողաշեն տնե՞ր կան, ա՛յ քեզ ճաշակ, այստեղ են ասել…
    Գեղամի դեմը ճերմակեց: Նա զգում էր, որ եթե սկսի խոսել, ապա կանպատվի, բայց հարկավոր էր մի բան ասել: Գեղամը խոսք չէր գտնում, և հանկարծ հանգստացավ, և նրա ամբողջ զայրութը փոխվեց դեպի խորհին արհամարհանքի դեպի պճնված, անսիրտ, դատարկ ու մեծամիտ այդ կինը:
    - Տիկի՛ն, - ասաց նա,-իմ ընկերենրից շատերն արդեն գյուղ են մեկնել: Մի փոքր ուշացումով, բայց վաղը մեկնելու եմ և ես, որովհետև կոլտնտեսությունում ավելի շատ է զգացվում մեր կարիքը, քան այստեղ: Բայց ի՞նչ եմ ասում, միևնույն է, դուք դա չեք հասկանա:

  • - Քնա՞ծ է,- հարցնում եմ Նորային:
    - Չէ,- ասում է նա,- խռոված է:
    - Ո՞ւմից է խռովել:
    - Աշխարհից,- ասում է Նորան:
    - Է՜, լավ, աշխարհն ի՞նչ է արել նրան:
    - Իսկ դու չգիտե՞ս, որ նրա աշխարհը ընկերներն են,- ասում է Նորան:
    - Իսկ ընկերներն ի՞նչ են արել, ինչո՞ւ է խռովել նրանցից…
    Եվ հանկարծ Վանյան շրջվում է դեպի ինձ:
    - Լավ եմ արել, դո՞ւ ինչ ես բերել…
    - Ե՞ս:
    Չէ նրան իրոք ինչ-որ բան է պատահել, որովհետև առաջին անգամ է, որ այս տանը որևէ մեկին նման հարց են տալիս:
    - Ես հենց նոր եմ եկել, ոչինչ չգիտեի, հասկանո՞ւմ ես, Վանյա: Իսկ քեզ ի՞նչ է պետք:
    - Հը՜մ, որ հարցնում ես, ուրեմն ամեն ինչ կորած չէ: Հը՜մ, տեսնո՞ւմ ես Նորա, նա հարցրեց:
    Վանյան կռանում ու մահճակալի տակից մի մեծ տուփ է հանում, որ բերնեբերան դեղերով լի է:
    - Տես թե ինձ ինչ են բերում իմ ընկերները,- ասում է նա,- քո կարծիքով այս դեղերով քանի՞ մարդու կարելի է սպանել: Մենակ ինձ համար շատ չէ՞: Տես թե ինչ են բերում… ու առանց գործիքի են գալիս: Խնդրում եմ, թե մի բան նվագեք, չեն նվագում: Քեզ անհանգստացնել չի կարելի, ասում են… Մեկն ասող լինի, հեռու ձեզանից, շան տղեք, որ դուք հիվանդ եք եղել, անտրամադիր եք եղել և վերջապես մեռել եք, ես ձեզ դե՞ղ եմ բերել: Նվագել եմ ձեզ համար, չէ՞: Այդ ինչպե՞ս պատահեց, որ նվագը ձեզ համար հանգստություն էր, իսկ ինձ համար, անհագստություն է: Ախր ամբողջ կյանքում նվագել եմ ձեզ համար, հիմա որտե՞ղ եք, մարդ եմ, հիվանդացել եմ, ինչո՞ւ չեք գալիս մի անգամ էլ ինձ համար նվագեք, հը՞, ճիշտ չե՞մ…
    - Չեն գալիս նվագելու, որովհետև բժիշկները չեն թողնում, քեզ հուզվել չի կարելի, Վանյա,- ասաց Նորնա:

    - Իսկ ես նրանց բժիշկներին հարցնո՞ւմ էի: Իսկ էդ ո՞վ է աշխարհում որոշել, թե մարդ ինչից է հուզվում, Նորա…Ես օրինակ, հուզվում եմ, երբ հուզվելու բան չկա…

  • Նա գլուխը բարձրացրեց, նպատակ ունենալով սփոփել Աստղիկին, և ապշեց: Աղջկա աչքերը ոչինչ չէին արտահայտում: Այդպիսի բան կյանքում չէր տեսել: Աղջիկը խոսում էր՝ արտահայտելով ամենատարբեր զգացմունքներ, նրա այտերը, շուրթերը, հոնքերը, ճակատը խոսում էին, իսկ աչքերը սառն էին, անտարբեր, անշարժ և ամենայն ուշադրությամբ հետևում էին Գնունուն:

  • Եվ մարդիկ ծիծաղելու ժամանակ անկսակած ավելի բարի են դառնում, քան թե կան:

  • Ինչպե՞ս կարող է մարդն անձայն ծիծաղել: Այսինքն՝ եթե մարդիկ կարողանում են անձայն լաց լինել, ուրեմն կարող են նաև ծիծաղել անձայն:

  • Դրսում ձյունը շարունակվում էր տեղալ, ծանր ու մեծ փաթիլներով, ասես որոշել էր ծածկել ամեն ինչ, սպիտակով պատել փողոցները, քաղաքը, աշխարհը, որպեսզի ամեն ինչ մաքուր ու անբիծ լինի ու երբեք, ոչ միտեղ սև բիծ չլինի, չմնա:

  • Երբևէ տեսած կա՞ք, որ անխելք մարդը խելագարվի:

  • Իմ կարծիքով ժպիտից չպետք է վախենալ, ծիծաղից պետք է վախենալ:

  • Զարմանալի է, բայց կան մարդիկ, որ տանել չեն կարողանում ուրիշի երջանկությունը, խաղաղ, հանգիստ կյանքը: Նրանց թվում է, թե իրենցից պակասում է ինչ-որ բան, երբ դու ուրախ ես, գոհ ես, որ դու նրանց հաշվին ես աշխատում, առաջ գնում, արժանանում պարգևի ու խրախուսանքի, որ դու նրանց փոխարեն ես ապրում ու շնչում:

  • Շողոքորթությունը ամենանողկալի բանն է, բայց շատ է դուրեկան: