
-
Ամենախոհեմը, այնումենայնիվ, աղքատ ու հասարակ մարդիկ էին, պատերազմը նրանք դժբախտություն էին համարում, մինչդեռ ունևորները ուրախությունից գլուխները կորցրել էին, չնայած ավելի շուտ նրանք պետք է հաշվի նստեին հետևանքների հետ:
-
Տարեց մարդիկ ամուր կապված են անցյալին, պատճառ կա. ունեն կին, երեխաներ, մասնագիտություն ու հետաքրքրություններ, որ արդեն այնքան հաստատուն են, որ պատերազմը նրանց չի կարող սասանել: Իսկ մենք՝ քսանամյա պատանիներս, միայն ծնողներ ունենք, ոմանք՝ նաև սիրած աղջիկ: Դա չի կարելի շատ համարել, որովհետև մեր տարիքում ծնողների ուժն ամենաթույլն է, իսկ աղջիկները դեռ դուրս են տիրապետումից: Այսքանից այնկողմ շատ բան չունենք՝ բացի մի փոքր ցնորքից, մի քանի սիրահարությունից ու դպրոցից, մեր կյանքը ավելիին դեռ չի հասել, բայց դրանից էլ ոչինչ չմնաց:
-
Կանգնել ենք գոյության շեմին: Կա նման բան: Մենք դեռ արմատներ չենք ձգել: Պատերազմը մեզ քշեց: Մյուսների՝ տարեցների համար պատերազմը դադար է, ընդմիջում, և նրանք կարող են մտածել նաև այլ բաների մասին: Իսկ մենք հափշտակվել ենք նրա կողմից ու չգիտենք՝ այդ ամենը ինչով է վերջանալու: Միակ բանը, որ գիտենք, առայժմ այն է, որ, տարօրինակ կերպով ու ի տխրություն մեզ, կոփվել ենք, որովհետև այլևս այնքան էլ հաճախ չենք տխրում:
-
Շանն ինչքան էլ հացին ընտելացնես, մսի կտոր դեմ անես թե չէ, ատամներով կկառչի դրան, որովհետև բնությունն է այդպիսին: Նույնն էլ մարդու դեպքում է. մի փոքր իշխանություն ես տալիս, ատամներով պինդ բռնում է, քանզի ի սկզբանե գազան էր, հետո է, որ քաղաքակրթություն քսեցին վրան, ինչպես յուղը բլիթին, որ փայլի:
-
Վրեժն այն ճաշատեսակն է, որ պետք է սառը մատուցվի:
-
Հողը ոչ մեկի համար այնքան մեծ նշանակություն չունի, որքան զինվորի: Երբ փարվում է նրան երկար, ամուր, երբ կրակի համակած սարսափից դեմքով ու ամբողջ մարմնով թաղվում է նրանում, այդ ժամանակ նա իր միակ ընկերն է, իր եղբայրը, իր մայրը, նա իր վախն ու ճիչը նրա լռության ու ապավինության մեջ է խեղդում, հողը ներծծում է դրանք ու նրան տասը վայրկյանով նոր կյանք տալիս, նոր վազք, հետո նորից է ընդունում նրան իր գիրկը, երբեմն էլ՝ ընդմիշտ:
-
Պատերազմը վանդակ է, որի մեջ պետք է ջղաձիգ սպասես լինելիքին:
-
Մենք առանց զգացմունքների դիակներ ենք, որոնք ինչ-որ հնարքով,ինչ-որ վտանգավոր կախարդանքով դեռ կարող են վազել ու սպանել:
-
Լռության պատճառով անցյալի պատկերները ոչ այնքան ցանկություն, որքան տխրություն են արթնացնում:
-
Մռայլությունը տանելի է, երբ պարզապես կքած ես դրա տակ, բայց սպանում է, հենց մտածում ես այդ մասին:
-
Այն ամենը, ինչ պատերազմի ժամանակ քարի պես սուզվել է մեզանում, պատերազմից հետո նորից ջրի երես է դուրս գալու, և այդ ժամանակ սկսվելու է կենաց-մահու բացահայտումը մեզ համար:
-
Մեր ընտանիքում մենք իրար հանդեպ երբեք այդքան քբքուշ չենք եղել. դա ընդունված չէ աղքատ մարդկանց մոտ, որ ստիպված են աշխատել ու շատ հոգսեր ունեն: Դա նրանք չեն էլ հասկանու, նրանք հաճախ չեն կրկնում այն, ինչ առանց այդ էլ պարզ է: Եթե մայրս ինձ «սիրելի տղաս» է կոչում, դա նույնն է, ինչ այլոց դեպքում՝ քնքշանքի պոռթկումները:
-
-Ինչի՞ համար են պատերազմները առհասարակ,- հարցնում է Թյադենը:
- Երևի կան մարդիկ, որոնք պատերազմից օգուտ ունեն
- Այո՛, ես նրանց թվին չեմ պատկանում,- քմծիծաղ է տալիս Թյադենը:
- Դու՝ ո՛չ, ու ոչ էլ այստեղ որևէ մեկը:
- Այդ դեպքում ո՞վ, կայսրն էլ դրանից օգուտ չունի: Նա ամեն ինչից ունի, ինչի՞ն է պետք:
- Այ էդ մեկը մի՛ ասա,- հակադարձում է Քաթը,- մինչև հիմա նա երբեք չի պատերազմել: Իսկ ամեն մի մեծ կայսեր առնվազն մեկ պատերազմ է պետք, այլապես նրա անունը չի հռչակվի: Թերթի՛ր դպրոցական դասագրքերդ:
- Գեներալները նույնպես պատերազմով են հայտնի դառնում,- ասում է Դեթերինգը:
- Ավելի հայտնի, քան կայսրերը,- հաստատում է Քաթը:
- Այս ամենի թիկունքում հաստատ կան մարդիկ, որ պատերազմից իրենց շահն ունեն,- փնթփնթում է Դեթերինգը:
- Կարծում եմ՝ սա ջերմախտի մի տեսակ է,-ասում է Ալբերտը,- ոչ ոք իրականում չի ուզում, բայց մեկ է հանկարծ սկսում է: Մենք պատերազմ չենք ուզում, մյուսներն էլ են դա պնդում, ու չնայած դրան՝ աշխարհի կեսը դրա մեջ է:
-
Այդ ձայները ավելին են, քան իմ կյանքը, ավելին քան մայրական բնազդն ու վախը, դրանք ամենաուժեղ ու ամենապաշտպան բաներն են, որ կան առհասարակ: Դրանք իմ ընկերների ձայներն են:
-
Ամեն ինչ սուտ է ու անկարևոր, եթե հազարամյակների մշակույթն ի զորու չեղավ խափանել այն, ինչ պատճառ դարձավ արյան այս հեղեների, հարյուրհազարավորների տանջանքների այս զնդանի: Միայն հիվանդանոցը ցույց տվեց՝ ինչ բան է պատերազմը:
-
Կյանքի մասին մեր գիտելիքները մահով է սահմանափակվում:
-
Ես տեսնում եմ, որ ազգերին իրար դեմ են հանում, և նրանք լուռ անգետ, անմիտ, հնազանդ, անմեղ սպանում են իրար: Ես տեսնում եմ, որ աշխարհիս ամենաիմաստուն գլուխները զենքեր ու բառերն են հայտնաբերում՝ այս ամենը ավելի նենգ ու երկարատև դարձնելու: Եվ այս ամենը ինձ հետ միասին տեսնում է իմ հասակակիցներն այստեղ ու այնտեղ՝ ամբողջ աշխարհում, ինձ հետ միասին այս ամենն ապրում է իմ սերունդը: Ի՞նչ են անելու մեր հայրերը, եթե մի օր վեր կենանք, կանգնենք նրանց առաջ ու պատասխան պահանջենք: Ի՞նչ են նրանք մեզնից ակնկաելու, երբ մի օր պատերազմը ավարտվի: Տարիներ շարունակ պատերազմն է եղել մեր զբաղմունքը. դա մեր առաջին մասնագիտությունն է կյանքում:
-
Պատերազմն էլ մահվան պատճառ է, ինչպես որ քաղցկեղն ու տուբերկուլյոզը, հարբուխն ու արնալուծը: Միայն թե մահվան դեպքերն են ավելի շատ, տարատեսակ ոը ավելի մռայլ: