Շահեն Թաթիկյան - Հատված Բալենի գրքից

նամակ ռազմաճակատում զոհված ընկերոջը
    
       Սիլելի ընկեր.
    Հաղթանակի 25-ամյակի առթիվ դպրոցներից մեկում հանդիպում ունեցա: Դպրոցում տխուր հպարտությամբ ինձ ցույց տվեցին առաջին հարկի միջանցքի  պատին փակցված մարմարե տախտակը: «Մեր շրջանավարտներից են,- բացատրեցին ինձ, չնայած բացատրությունների անհրաժեշտություն չկար,- զոհվել են Հայրենական ռազմադաշտում»:
    Ես հարգանքով կանգ առա ու մտքումս կարդացի այդ ցուցկը: Չեմ հիշում չորրո՞րդը, թե հինգերորդը քո ազգանունն էր: «Ես սրա հետ,- հուզված ասացի,- եղել եմ ռազմադաշտում»:
    Բնական է, որ հանդիպումն սկսվեց թե չէ, ինձ անմիջապես խնդրեցին պատմել քո մասին:
    Եվ ես պատմեցի քո մասին:
   Պատմեցի քո սխրանքները, քաջագործությունները, պատմեցի, թե ինչ լավն էիր դու, որքան ընկերասեր, ազնիվ, շիտակ, ես ահագին դեպքեր պատմեցի քո զինվորական, մարտական կյանքից: Չնեղանաս, ես, իհարկե, հորինում էի, բայց սուտ չէի ասում: Հորինում էի, որովհետև այնտեղ հազարից մեկն է վատը լինում, անազնիվ, մանավանդ դավաճան լինում:
    Իսկ հետո տանը մանրամասն հիշեցի քեզ, մեր կարճատև ծանոթությունը:
1942թ. գարնանը մեր զորամասը համալրում ստացավ: Մենք այդ ժամանակ գտնվում էինք ռազմաճակատից վաթսուն-յոթանասուն կիլոմետր հեռու:
    - Հա՞յ ես:
    - Հայ եմ
    - Որտեղի՞ց ես:
    - Երևանից:
    - Ի՞նչ ես ասում... ես էլ:
    Այդ միջոցին լսվեց ինքնաթիռների բվվոց, տագնապի հրահանգներ՝ «օդ, օդ»... Մենք վազեցինք դեպի պաշտպանական ճեղքերը: Երբ օդային տագնապի ազդանշանը հնչեց, ես որոնեցի քեզ՝ շարունակելու մեր զրույցը, համ էլ, չէ՞ որ դու ինձանից ուշ էիր մեր քաղաքից դուրս եկել. ուզում էի նորություններ իմանալ: Բայց ես քեզ այլևս երբեք չտեսա: Ես հազիվ իմացա քո անուն-ազգանունը:
    Ես մոռացել եմ քո դեմքը անգամ: Դու չհասցրեցիր մի անգամ նույնիսկ կրակել: Դու ոչինչ չհասցրեցիր: Չէ, ասենք հասցրեցիր զոհվել: Եվ քո անունը հիմա դպրոցը փորագրել է պատերազմում զոհվածների մարմարե հուշատախտաակին: Իսկ ես էլ դրվաագներ պատմեցի քո մարտական խիզախումներից: Հորինում էի, բայց սուտ չէի ասում: Ես չէի կարող հորինել ոչինչ, եթե կարիք լիներ պատմելու քո հետպատերազմյան կյանքից: Որովհետև այդ շատ բարդ է, որովհետև հաճախ ինձ թվում է, թե անհամեմատ դժվար է խաղաղ օրերին մնալ շիտակ, մաքուր, ուժեղ ու հերոսանալ:
Որովհետև ցավով, ցավով պետք է ասեմ, որ այս միտքը հաստատող փաստեր կան:
    Քո դպրոցում քո մասին պատմելուց հետո ասացի, որ իմ ավարտած դպրոցի միջանցքում էլ այդպիսի հուշատախտակ կա, որի վրա սակայն իմ անուն-ազգանունը չկա:
    Ինձ չհասկացան. զարմացան:
    Դու էլ չես հասկանա, քանի որ այդպես էլ լիովին չիմացար, թե ինչ բան է պատերազմը: Բայց ես իմացա, ես գիտեմ ու համոզված եմ, որ պատերազմում եղած մարդը որ տարիքում և ինչ պայմաններում էլ որ մեռնի, նշանակում է պատերազմն է նրան սպանել:
    Այո, այո: Եվ իմ ավարտած դպրոցին կտակ-խնդիրք եմ թողնելու: Երբ էլ մեռնեմ, թող իմ ազգանունը նույնպես փոխադրեն հուշատախտակի վրա, որովհետև երբ էլ մեռնեմ - պատերազմից կմեռնեմ: Ու մենք նորից կմիանանք: Ու ես կիմիանամ քեզ ու իմ զոհված բոլոր ընկերներին: Պատերազմում զոհված, պատերազմից սպանված ընկերներին: